Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա, շնորհակալ եմ նրան ամենայն ջերմությամբ. Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24news-ի հետ զրույցում պարզաբանել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած միտքը՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
«Ես Ալեն Սիմոնյանից վիրավորված չեմ, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար: Երբ որ ես ասացի, որ ավելի լավ էր՝ ինձ սպառնար, որովհետև էդ դեպքում ավելի հեշտ կլիներ ինձ համար պաշտպանվել: Պարոն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական իր խոսքերով ինձ ճնշեց: Եվ ես սա ասում եմ ամենայն ջերմությամբ: Երկրորդ դեպքն է եղել իմ ընկերներից, որ էդ ձևով ազդել են ինձ վրա, իմ ներաշխարհի վրա՝ միանգամայն դրական իմաստով: Էնպիսի վիճակում դրեց, որ ես շատ էի դժվարանում հակառակվել իր բերած փաստարկներին»,- մանրամասնել է նա:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Աղազարյանն ասել էր. «Ես կուզեի Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին ու ոնց խոսեց: Ուր էր թե վիրավորանք աներ, պատասխանը ստանար, ճնշել է ինձ ուրիշ իմաստով»:
Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
Կարծիքներ