Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել։
«Ես իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ եմ ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե վարչապետի հրապարակային խնդրանքին արձագանքեմ առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ նրա գալուն»,- նշեց Աղազարյանը՝ հստակեցնելով, որ իրեն զանգահարած անձը Մոսկվայում է։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման վերաբերյալ՝ Աղազարյանը հաստատեց, որ հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ։
Պատգամավորը նշեց, որ այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնելու իրավունք չունի։ «Ես կոռեկտ չեմ համարում այդ խոսակցության մասին որևէ բան ասել»,- ասաց Աղազարյանը։
Հարցին, թե թիմակիցների կողմից ճնշումների ենթարկվո՞ւմ է մանդատը վայր դնելու հարցով, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Թիմից ճնշումներ կան։ Իմ որոշ ընկերներ ինձ ճնշում են․ նրանց մի մասն ասում է, որ մանդատը վայր դնեմ, մյուս մասն ասում է, որ չդնեմ»,- ընդգծեց նա։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը՝ շեշտելով, որ ակնկալում է, որ իր խնդրանքը կբավարարվի։
Կարծիքներ