Գյումրիում իրականացված հակառուսական ակցիայի վայրից բերման է ենթարկվել ընդհանուր 65 քաղաքացի. ոստիկանություն
«Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպության՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր իրականացրած հավաքի վայրից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 65 քաղաքացի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման են ենթարկել հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։
Ավելի վաղ կազմակերպիչը` «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է, մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի, բերման ենթարկվածների մեծմասն էլ հենց Երևանից ժամանած քաղաքացիներ են:
Ինչպես հայտնել էինք, Գյումրիում այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել էր ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ։
Ոստիկանությունն էլ իր հերթին փակել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը:
Կարճժամանակ անց ոստիկանությունը սկսեց ազատել ճանապարհը՝ բերման ենթարկելով հավաքի մի շարք մասնակիցների, իրավիճակը կտրուկ լարվեց: Հավաքի մասնակիցները ոստիկանության ծառայողների հասցեին սկսեցին անպարկեշտ արտահայտություններ անել, վիրավորել նրանց, գոռգոռալ, քաշքշել:
Կարծիքներ