Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
2023թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները (ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխա), մահացել են։
Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Սկսվել է նախաքննություն։
Կարծիքներ