«Բացառվում է, որ Ադրբեջանը հարված հասցնի Մեծամորի ատոմակայանին, դրա արդյունքում առաջինը կտուժի նրա դաշնակից Թուրքիան». Արշավիր Ղարամյան. pastinfo.am
«Բացառվում է, որ Ադրբեջանը հարված հասցնի Մեծամորի ատոմակայանին, որովհետև դրա արդյունքում առաջին և ամենամեծ վտանգը կհասցնեն իրենց բարեկամ և ռազմավարական դաշնակից Թուրքիային», - Փաստինֆոյի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական կողմը պատրաստվում է հարված հասցնել նաեւ Մեծամորի ատոմակայանին։
Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է իր ռազմական գործողությունները Տավուշում՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ հացի փուռն ու մանկապարտեզը՝ Արշավիր Ղարամյանը նշեց. «Սա Ադրբեջանի ձեռագիրն է։ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ցուցաբերած բացարձակ հարձակման և ագրեսիայի դրսևորումը, ինչես նաև՝ դրա ձախողումը ցույց է տալիս, որ ինչպես 2016 թվականին ապրիլին, այնպես նաև հիմա՝ հագեցված լինելով գերժամանակակից զինատեսակներով, Ադրբեջանի բանակը մնում է անմարտունակ։ Հարձակվելով քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա, Ադրբեջանն ի ցույց է դնում թույլ բանակի և այդ բանակի թույլ ղեկավարի հոգեբանությունը։ Սա բացարձակ թույլ մարդու հոգեբանություն է»։
Խոսելով այն մասին, որ թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների պարագայում անգամ միջազգային հանրությունը շարունակում է լռություն պահպանելու իր սովորույթը՝ Արշավիր Ղարամյանը նկատեց՝ միջազգային հանրությունը միշտ է լռել.«Մեր հույսը մենք ենք ու մեր բանակը։ Հարկավոր է մի բռունցք դառնալով միավորվել և կանգնել հայ զինվորի կողքին, որպեսզի մեր հաղթանակն ամարագրենք, որը միայն հայ զինվորի բազկի ու ժողովրդի միասնականությամբ է գալու, ուրիշ ճանապարհ չկա»։
Կարծիքներ