Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպքեր. կան նաև վարակված երեխաներ
Արցախում հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպքեր: Վարակվածների թվում կան նաև երեխաներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, նրանց թվում երիտասարդ տարիքի անձինք են: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15 հազար 106 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1481-ի մոտ արձանագրվել է դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»,-ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ