Օդանավը վթարի է ենթարկվել Լաս Վեգասում ԱՄՆ ՌՕՈւ-ի բազայից թռիչքից հետո
Draken ընկերության օդաչուի ղեկավարությամբ ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկուշաբթի ԱՄՆ Լաս Վեգասի մերձակայքում գտնվող Նելլիս ավիաբազայից թռիչքից գրեթե անմիջապես հետո: Օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է ավիաբազայի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ենթակապալառուի կողմից կառավարվող օդանավը, որն օդ էր բարձրացել Նելլիս ավիաբազայից, վթարի է ենթարկվել ժամը 14:30-ի սահմաններում` բազայի հարավային սահմանից այն կողմ: Նելլիս ավիաբազայի աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում Draken-ի զոհված օդաչուի գործընկերներին, ընկերներին եւ ընտանիքին»,- ասված է ավիաբազայի կայքի հայտարարության մեջ:
Իր հերթին, ԱՄՆ ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը հայտնում է, որ կործանված ինքնաթիռը ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչն էր: Կարգավորողի ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր հետաքննություն անցկացնելու համար: Վթարի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություններ դեռ չի հաղորդվել:
Fox News-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լաս Վեգասի Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցի մոտ: Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները, շրջագիծը շրջափակված է:
Կարծիքներ