Երևանյան հայտնի «Կապի շենքը» 50 տարեկան է
Ազատության պողոտայի վերջնամասում խոյացող Միջքաղաքային հեռախոսային կայանի 10 հարկանի շենքը նախագծվել է 1971թ., շահագործման հանձնվել՝ նախագծման և կառուցման մեկնարկից 7 տարի անց:
Ճարտարապետներն էին Արմեն Աղալյանը և Գրիգորի Գրիգորյանը։
Մինչև հեռախոսակապի թվայնացումը՝ 1990-ականների սկիզբը, Երևանից Գյումրի կամ Մոսկվա զանգելու համար անհրաժեշտ էր պատվեր կատարել՝ հավաքելով 05 կամ 07։ Զանգն ընդունելու և հաճախորդներին միացնելու համար ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքում գործում էր Միջքաղաքային հեռախոսային կայան։
Նորակառույց շենքում տեղակայվեցին միջքաղաքային հեռախոսային կայանը և մոտ 10 հազար բաժանորդի կապ ապահովող 28 թվակայանը:
Շենքը համապատասխանում էր սեյսմիկ ամենաբարձր պահանջներին. 8 բալանոց սեյսմակայունություն ուներ։
Առաջին հարկում տեղակայված էին սրճարանն ու ճաշարանը: Երկրորդ հարկում վարչական գրասենյակներ էին։ Երրորդում միջքաղաքային օպերատորական կայաններն էին, որտեղ սարքերի առջև նստած աշխատակիցները զանգի պատվիրատուին միացնում էին հասցեատիրոջ հետ։ Ի դեպ, բաժանորդը ներքաղաքային զանգը միջքաղաքայինից կարող էր տարբերել զանգի տևողությամբ։
Ներքաղաքային զանգը կարճ էր, միջքաղաքայինը՝ ավելի երկար ազդանշան ուներ։
Կապի շենքի հաջորդ հարկերում տեղակայված էին 28 համարի սպասարկող անալոգային կայանը, միջքաղաքային զանգերի միացումը ապահովող սարքավորումները, յուրաքանչյուր զանգի տևողությունը չափող հաշվողական կայանը, հեռագրակայանը։ Անկախացումից հետո՝ 1992 թ․, 9-րդ հարկում տեղակայվեց առաջին արբանյակային կայանը, որը թույլ տվեց զանգեր կատարել դեպի ԱՄՆ և Ֆրանսիա։
Այսօր շենքի առաջին հարկում գործում է յուրահատուկ Կապի թանգարանը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ Հայաստանում հեռախոսակապի զարգացման պատմությանը։
Շենքն աչքի է ընկնում ու առանձնանում ճակատային բետոնե զարդացանցով, որի նպատակն էր բարձր ջերմություն գեներացնող սարքերի` արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանությունը։ Աշխատանքի ընթացքում ներսի ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 50⁰ ըստ Ցելսիուսի: Նախատեսված էր հսկայական հովացման համակարգ։
Ճակատային ստորին հատվածի բրոնզե քանդակի և վերին հարկերի մակարդակում սյուրռեալիստական գլոբուս-զարդաքանդակի հեղինակն է Վահե Հարությունյանը։
Կարծիքներ