Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության խորհրդարանն ամփոփել է 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի աշխատանքները: Հունիսի 29-ին հրավիրվել է նստաշրջանի եզրափակիչ նիստը:
Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից:
Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն է եղել:
Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին, բանակցային գործընթացին:
Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման հարցին՝ նախագահն ասել է.
«Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»:
Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:
Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն»,- ասել է նա:
Շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով:
Կարծիքներ