Արցախի Նախագահն ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։
«Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով շինարարական կազմակերպությունների՝ պետության կողմից ֆինանսավորմանն առնչվող հարցերի կանոնակարգմանը՝ նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում մեխանիզմներն ավելի հստկեցված են լինելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, դրան զուգահեռ, ընդլայնվելու են շահագրգիռ պետական մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները, և շինարարական նորմերի ու որակական չափորոշիչների խախտումների, թերությունների կամ բացթողումների պարագայում խստացվելու են ձեռնարկվող համապատասխան իրավական միջոցառումները։
Կարծիքներ