Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից. «Վստահ եմ՝ եթե մեր մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնենք և ուղղենք ավելի միասնական նպատակների, ապա արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն: Մշակույթի ոլորտում երկու կառույցների միջև համագործակցության խորացումը և փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելը բոլորիս շահերից է բխում»,- նշել է Արա Խզմալյանը:
Փոխնախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք պահանջում են երկու կողմերի փոխհամագործակցությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է արվեստի դպրոցներին տրամադրվող պետպատվերի խնդրին՝ ընդգծելով, որ գործընթացն իրականացվում է որոշակի իներցիոն սկզբունքով, և այդ հարցում չկան խորքային վերլուծություն, վիճակագրություն և իրական կարիքների գնահատում: «Մենք չունենք վերլուծություն, թե արվեստի յուրաքանչյուր դպրոցում և, առհասարակ, այդ բնագավառում ինչ մասնագիտությունների կարիք կա, որպեսզի պետական ռեսուրսների օգտագործումը լինի նպատակային: Հետևաբար առաջարկում եմ հանդիպում կազմակերպել մեր հայտնի նվագախմբերի ղեկավարների հետ, որոնք կներկայացնեն, թե պրոֆեսիոնալ դաշտում ինչ մասնագետների և գործիքների կարիք կա: Այսպիսով՝ մասնագիտական կրթությունը կսկսենք արվեստի դպրոցից»,- փաստել է Արա Խզմալյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկելով ձևավորել համապատասխան հանձնաժողով՝ կարիքների գնահատում իրականացնելու և հաջորդ տարվա պետպատվերի բաշխումը դրա հիման վրա մշակելու նպատակով: Նա վստահեցրել է, որ նախարարությունն այդ հարցում կներկայացնի համապատասխան մեթոդական առաջարկություններ:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Երևան քաղաքի երաժշտական բովանդակության խնդրին՝ գոհունակություն հայտնելով, որ այդ հարցով արդեն սկսվել են առողջ քննարկումներ, մշակվում են որոշակի կանոնակարգեր և ընթացակարգեր: Փոխնախարարը բարձրաձայնել է նաև քաղաքի մշակութային հաստատությունների և հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածքների լուսավորության ապահովման խնդիրը:
Արա Խզմալյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ներին աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ «Քույր դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, երաժշտական դպրոցների միջև մասնագիտական բարեկամության մի յուրօրինակ ձևաչափ է: Նա վստահեցրել է, որ ծրագիրն ապահովում է լավ արդյունքներ՝ մայրաքաղաքի և մարզի դպրոցների միջև մասնագիտական փոխանակման և մեթոդական աջակցության տեսանկյունից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը՝ միմյանց ծրագրերին և ոլորտային բարեփոխումներին տեղեկանալու առումով: «Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևան քաղաքում ունենալ բարեփոխված և ժամանակակից մշակութային ոլորտ: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք միջոցառումների կազմակերպման մասով, կքննարկենք թատերարվեստի ընդհանուր վիճակը և խնդիրները՝ սկսած ֆինանսավորումից մինչև բովանդակություն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ քաղաքում գովազդային և տեղեկատվական ցուցանակների գույքագրման մասով, որպեսզի այդ հարցում լինի միասնական մոտեցում: Նա շեշտել է, որ այդ համատեքստում քաղաքի արտաքին գովազդի մեջ կդիտարկվի նաև մշակութային բաղադրիչի ներառման հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սոցիալական գովազդի և մշակութային տեղեկատվության հարցերին՝ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, ինչպես նաև մշակույթի ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրերի համատեղման հնարավորությանը:
Կարծիքներ