Գերմանիայում նշել են, թե ինչ պայմանով կարգելափակեն «Հյուսիսային հոսք-2»-ը

Գերմանիայում նշել են, թե ինչ պայմանով կարգելափակեն «Հյուսիսային հոսք-2»-ը

Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմն աջակցում է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծին, սակայն չի բացառում, որ այն կարող է դադարեցվել մեկ պայմանով՝ հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման աղբյուրները նշել են, որ նախագծի արգելափակման պատճառ կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը:

Շոլցը հնարավոր է համարել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում «Հյուսիսային հոսք-2»-ը կօգտագործվի որպես Մոսկվայի վրա ճնշման գործիք։

Բրիտանական Guardian-ը գրում է, որ գազատարի ճակատագիրը Գերմանիայում կառավարական նոր կոալիցիայի առաջին փորձությունն է լինելու, այն ցույց կտա, թե ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը ներսում:

Թերթը հիշեցնում է, որ նոր ԱԳ նախարար, Կանաչների կուսակցության համանախագահ Աննալենա Բերբոկն ավարտված, բայց դեռ չգործարկված ռուսական գազատարի կատաղի հակառակորդն է։ Կանցլեր, սոցիալիստ Օլաֆ Շոլցը զգուշությամբ է խոսում այդ թեմայի մասին, քանի որ նախագծին աջակցում են նրա կուսակիցներից շատերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում