Թուրքիան արձագանքել է նախապայմաններով. Ավետ Ադոնց

Թուրքիան արձագանքել է նախապայմաններով. Ավետ Ադոնց

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ առանց նախապայմանների: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել՝ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման, թե՛ տարածաշրջանային այլ խնդիրների առումով, սակայն որևէ նախապայման, ըստ նրա, հայկական կողմի համար ընդունելի չէ: 

Ադոնցը վերահաստատեց՝ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա: «Այս պահին զրո մակարդակի և որակի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: 

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ հարցում Մինսկի խմբի ձևաչափից բացի այլ ձևաչափ գոյություն չունի: Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում ՄԽ համանախագահների հետ՝ հույս հայտնելով, որ շուտով դրանք ավելի տեսանելի կդառնան:

Ինչ վերաբերում է Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու հավանականությանը, Ադոնցը նշեց, որ եթե դա տեղի ունենա, կարևոր քայլ կլինի: «ԱՄՆ-ը ևս մեկ անգամ կհաստատի մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները՝ մարդու ազատությունները, կարևորվում ԱՄՆ-ում՝ օրինակ ծառայելով քաղաքակիրթ աշխարհի այն երկրներին, որոնք մինչև այսօր իրենց դիրքորոշումը չեն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ընդգծեց ԱԳ նախարարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում