Բրիտանիայում առաջին անգամ գործարկել են փոստի առաքում ԱԹՍ-ների միջոցով
Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը գործարկել է երկրում առաջին փոստային առաքումն անօդաչու թռչող սարքերի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է BBC-ն։
Skyports ընկերության կողմից մշակված անօդաչու թռչող սարքերն սկսել են փոխադրել նամակներ և մինչև 6 կգ քաշով ծանրոցներ Օրկնեյան կղզիների միջև (կղզեխումբ Շոտլանդիայում): Ակնկալվում է, որ ԱԹՍ-ների օգտագործումը զգալիորեն կբարելավի ծառայության մակարդակը և մատակարարման ժամկետները Գրեյմզի և Հոյ կղզիների միջև․ ներկայում փոստային ծառայության ընդհատումներ են առաջանում եղանակային պայմանների և ուղղությունների դժվարամատչելիության պատճառով։
Առայժմ անօդաչուներով առաքման ծառայությունը նախատեսված է երեք ամսով, սակայն հետագայում այն կարող է սկսել գործել մշտական հիմունքներով։
Թագավորական փոստում անօդաչու թռչող սարքերի փորձարկման ղեկավար Քրիս Փեքսթոնը հայտնել է, որ էլեկտրական անօդաչուների օգտագործումը կնվազեցնի վնասակար նյութերի քանակությունը, որոնք արտանետվում են մթնոլորտ սովորական եղանակներով առաքումների ժամանակ։
Շվեյցարիայի Swiss Post փոստային ծառայությունը և Matternet ընկերությունն ԱԹՍ-ներով փոստի առաքում են սկսել դեռևս 2017 թվականին, սակայն դադարեցրել են ծառայության աշխատանքն այն բանից հետո, երբ ծանրոցները, քիչ էր մնում՝ ընկնեին երեխաների վրա: 2020 թվականին ԱԹՍ-ների շահագործումը վերսկսվել է համակարգի տեխնիկական կատարելագործման շնորհիվ:
«Ռուսաստանի փոստը» և «SK Capital» ընկերությունը Չուկոտկայում անօդաչուների համակարգի փորձարկումներ են սկսել ապրիլին։
Կարծիքներ