Երիտասարդական համաժողովի առանցքում «Կամավոր․հայ» հարթակն էր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված «Կամավոր․հայ» հարթակը ներկայացվել է Երիտասարդական համաժողովի ընթացքում:
Համաժողովի նպատակն էր ներկայացնել «Կամավոր․հայ» հարթակը և երիտասարդական ՀԿ-ների մասնակցությամբ քննարկել երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման, երիտասարդների ակտիվ ներգրավման և մասնակցության, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանման, կամավորության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ մի շարք հարցեր։
Համաժողովին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Միջոցառմանը մասնակցել են 16-ից 35 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատանքով, կամավորությամբ հետաքրքրվող անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Երբ մենք ուսումնասիրում էինք այս դրամաշնորհի շրջանակում ստացված հայտերը, այս հայտի մեջ գրավեց այն գաղափարը, որ ծրագիրը լինելու է ոչ մեկ տարի տևողությամբ. այն կարող է զարգացում ապրել և շատ ավելի մեծ հնարավորություն ստեղծել մեր երիտասարդների համար: Հետագայում դա կդառնա ավելի մեծ համայնք, և հնարավոր է, որ այն նաև տարածվի մեր գործընկեր երկրներում, քանի որ ԱՊՀ երկրների համար 2024 թվականը հայտարարված է կամավորության տարի»,- ընդգծել է Զարա Ասլանյանը:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Կամավոր․հայ» հարթակի միջոցով ներկայացվում է մի պլատֆորմ, որն իր նմանը չունի ոչ միայն Հայաստանում, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում:
Համաժողովի ընթացքում ներակայացվել է նաև «Կամավոր.հայ» ծրագրի շրջանակում ստեղծված kamavor.org կայքը:
Գրանցվելով «Կամավոր.հայ» հարթակում՝ երիտասարդները ստեղծում են իրենց անձնական էջերը, որտեղ կարող են ներկայացնել իրենց կատարած կամավորական աշխատանքի պատմությունը, տեղադրել նորություններ, օգտագործել մեկնաբանությունների և քննարկման տիրույթները, կիսվել գիտելիքով, փորձով:
Երիտասարդական համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երիտասարդական և կամավորական աշխատանքների վերաբերյալ պանելային քննարկումներ:
Համաժողովն ամփոփվել է խմբային աշխատանքով, որի շրջանակում մասնակից երիտասարդները քննարկումների արդյունքում ներկայացրել են երիտասարդական աշխատանքի և կամավորության մասին իրենց առաջարկությունները և առաջիկա անելիքները:
Կարծիքներ