ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում, փոխանցում է Ermenihaber-ը։
Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։
«Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության պաշտպանությունն ամրապնդում է ժողովրդավարությունը, եթե անգամ այն ներառում է բառեր, որոնք ոմանք համարում են վիճելի կամ մտահոգիչ: Ձեր նշած իրադարձություններից Սեդեֆ Քաբաշի ձերբակալության մասին տեղյակ ենք և հիասթափված»,- նշել է նա։
Փրայսը միաժամանակ խուսափել է մեկնաբանություն անել Սեզեն Աքսուի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Հիշեցնենք, որ թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը թուրքական Tele1 հեռուստաալիքի ուղիղ եթերում մասնավորապես նշել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։ Այդ արտահայտության համար նա ձերբակալվել էր, քանի որ այն դիտարկվել էր որպես Էրդողանին ուղղված վիրավորանք։
Իսկ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի դեպքում կրոնին ուղղված վիրավորանք էր որակվել նրա «Şahane bir şey yaşamak» երգում կիրառված՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային և Ադեմին» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Էրդողանը մզկիթից հայտարարել էր, թե որևէ մեկի լեզուն չի կարող երկարել և հասնել սուրբ Ադամին և Եվային և որ այդ երկարող լեզուները հարկ եղած դեպքում կտրելն իրենց պարտականությունն է։
Կարծիքներ