Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի նիստը
Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը 10-օրյա ժամկետում օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի նոր խորհրդի կազմը։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ մատնանշել էր, որ նոր ձևավորվող խորհրդից ակնկալում է կենսունակություն, ակտիվ և գործուն մասնակցություն բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։
Խորհրդատվական այս կառույցը պետք է Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա խորհրդատվական առաջարկություններով ու եզրակացություններով , կառուցողական ու բալանսավորված համագործակցության շրջանակներ ձևավորի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։
Նախարարին կից հասարակական խորհրդի վերջնական կազմի ձևավորումից հետո՝ ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է խորհրդի առաջին նիստը։
Կարծիքներ