Գործադիրն առաջարկում է ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար, կլինկերի՝ 9 հազար դրամ տուրք
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ, սակայն գործադիրը առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատրաստ է ԱԺ առաջարկով փոփոխություն կատարել այս թվերում:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Քերոբյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է ցեմենետի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելուն և ըստ էության լիցենզավորվող գործունեություն դարձնելուն ու որոշակի տուրքով հարկելուն:
«Նախագիծն ուղղված է նրան, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանվի, և Հայաստանի երկու ցեմենտի գործարաններն աշխատեն: Այս առաջարկը, սակայն, չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Եվ նախարարությունը համաձայնել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ներկայացնել այն տարբերակը, որը հանձնաժողովի առաջարկն է: Կարելի է ասել՝ այն առաջարկը, որը գործել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ փոքր ճշգրտմամբ, մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2018-ից Իրանում որոշակի տնտեսական իրողությունների փոփոխման հետևանքով ցեմենտը էժանացել էր ու մի քանի անգամ ավելի ցածր կազմել՝ քան Հայաստանում արտադրվողը: Արդյունքում իրանական ցեմենտը մեծ թափով սկսել էր ներմուծվել Հայաստան: Դրան զուգահեռ գործարարները հասկացել էին, որ կարելի է բերել ցեմենտի հումք՝ կլինկեր և դրանով տեղում արտադրել ցեմենտ: Եվ տեղական 2 արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկել էր պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Սակայն հետագայում նախագիծը փոփոխվել էր, և 14 հազար դրամ տուրք էր սահմանվել ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար տուրք չէր սահմանվել: «Այ հենց այս որոշումն էր, որի մասին մեր որոշ գործընկերներ ասում էին, որ բերելու է տեղական ցեմենտի կործանմանը: Հիմա այդ մեխանիզմը պահպանվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում արտահերթ նիստում նախատեսվում էր ևս 6 ամսով այդ «14 հազար և 0 դրամ ռեժիմը» երկարացնել, բայց բավարար թվով ձայներ չհավաքվեցին, և նախագիծը չանցավ: Եվ փաստացի ստացվեց, որ այս տարվա սկզբից և՛ ցեմենտ, և՛ կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը, հետո կլինկերինը թույլատրվեց»,-ասաց Թունյանը:
Նա նշեց, թե իշխանությանն ասում էին, որ ցեմենտի ներմուծման համար սահմանված 14 հազար դրամ տուրքը քիչ է, իսկ կլինկերի համար տուրք չսահմանելը՝ սխալ, և ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Օրենքի ընդունումից հետո «Արարատ ցեմենտի» արտադրությունը 2019 թվականին 443 հազար տոննայից աճել է՝ հասնեով 534 հազար տոննայի: Իսկ «Հրազդան ցեմենտի» արտադրությունն աճել է շուրջ 30 հազար տոննայից մինչև 90 հազար տոննայի, այսինքն՝ եռապատկվել է: Հայաստան ցեմենտի ներմուծումը և կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել են: «Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական 2 ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվող ցեմենտի ծավալները նվազել»,- ասաց պատգամավորը:
Կարծիքներ