ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:
ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:
«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։
ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:
«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։ ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։
Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:
« ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն:
2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։
Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում: Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ