Վճռաբեկ դատարանի շուրջ այսօրվանից նոր գործընթաց է սկսվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր գործընթաց է սկսվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հետ կապված: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն արդեն ՍԴ անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, և նրա տեղը թափուր է մնացել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր գործընթաց է սկսում և դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում:
Այսինքն՝ այսօրվանից է գործընթացը մեկնարկում, և ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ:
Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»: Եվ այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ