Հերթական փորձության շրջանն ենք անցնում. Այս պատերազմում ուժեղ ենք նաև վիրտուալ հատվածում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաև վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաև այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները ևս հուժկու են։
Այդ ամենում մեծ դերակատարում ունեն նաև այս գործի մշտական «նվիրյալները», որոնք տարիներ շարունակ ադրբեջանական կեղծ և ապակողմնորոշող նյութերն արագ ռմբակոծել են, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը և «ճակատային մարտերի» բռնվել հակառակորդի հետ։
Նաև այս ոլորտի մասնագետների շնորհիվ է, որ հայ հասարակությունն այսօր ավելի արագ է զանազանում ադրբեջանական «խայծը» իրականությունից։ Սակայն դեռ բավական շատ աշխատանք կա, որպեսզի մարդիկ հասկանան, որ պատերազմի օրերին սարսափազդու, կեսգիշերից սկսած «ռադիացիայի» տակ հայտնվելու մասին հաղորդագրությունները պետք չէ բոլորին լույսի արագությամբ ուղարկել, որպեսզի սեփական բանակի կորուստների, զինվորի մասին տեղեկությունները չդարձնեն հեռախոսային խոսակցության նյութ, սահման գնացող տրանսպորտային միջոցները չնկարեն ու համացանցով չտարածեն այն դեպքում, որ անգամ պաշտպանական գերատեսչությունն է հատուկ հայտարարությամբ հանդես գալիս, որ զերծ մնան նման քայլից։
Սրանք էլ համացանցային անվտանգության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանվեն։ Այլապես ռազմական գործողությունների ժամանակ մասնագետներն իրենց բուն աշխատանքը թողած, զբաղված են վիրտուալ վտանգների մասին քաղաքացիներին զգուշացնելով, բացատրելով։
Ընդհանուր առմամբ ամեն անգամ մեր սահմաններին հակառակորդի հարձակումը, պատերազմը մեզ, որպես հասարակության, ավելի է հասունացնում, հերթական փորձության շրջանն ենք անցնում։ Յուրացնում ենք պատերազմական իրավիճակում մեզ դրսևորելու ճիշտ կանոնները, զարմացնում արագ կողմնորոշվելու և հաշված ժամերի ընթացքում ազգ-բանակ դառնալու հատկությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ