Ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է՝ չեք հաջողելու. ԱԳ նախարար

Ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է՝ չեք հաջողելու. ԱԳ նախարար

Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերքված տեղեկության) Ալյոշան գնացել է իմ տան պատի հետ է նկարվել: «Անաչառ» լրատվամիջոցներն էլ հավեսով տարածել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Ալյոշա, դու հայաստանյան քաղաքական դաշտ նոր ես մտ(ցվ)ել, գուցե չգիտես, լուսավորեմ: Հայաստանում պաշտոնյաները հայտարարագիր են լրացնում, կարող ես ծանոթանալ մանրամասներին: Լավ, ստեղ էլ գրեմ. տունը ձեռք ենք բերել հիփոթեքային վարկով՝ հայրական տան վաճառքից գոյացած ողջ գումարը կանխավճար դարձնելով: Թալանված կամ ապօրինի կուտակած միջոցներով գնված չէ: Զինծառայողներին ձրի աշխատացնելով կառուցված չէ: ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի, ՏԷՑ-ի հաշվին չէ: Ի դեպ, կնոջս ավտոմեքենան էլ է վարկով:

 

Կենցաղային տեխնիկա էլ ենք գնում սպառողական վարկով/ապառիկով, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները: Նորմալ է:

 

Ալյոշա, իմ օտարերկրացի բարեկամ, իրոք պատահել է, որ մոռացել եմ ավտոմեքենաս սխալ կայանելու տուգանքը ժամանակին վճարել, և Ճանապարհային ոստիկանությունը կալանք է դրել հաշիվներիս: Այ էդպիսի մի կալանքի համար էլ քո սիրած հեռուստացույցը ապառիկով չկարողացա գնել: Նորմալ չի է, շատ լավ է՝ միայն իսկական ժողովրդավարական երկրում առաջին փոխվարչապետի հետ կարող է նման բան պատահել: Իսկ ընդհանրապես, հեղափոխությանը նախորդող շրջանում ես և կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանքներ ենք ունեցել:

 

Ալյոշա, լսել եմ՝ ուզել ես նաև իմ ընկեր Ռուբոյի հետ գրազ գալ իմ տան վրա: Ես չգիտեմ դու որտեղ ես մեծացել, բայց երևի ոչ Հայաստանում: Թե չէ բակում քեզ մեծ ապերիկները բացատրած կլինեին, որ չի կարելի գրազ գալ քեզ չպատկանող մի բանի վրա: Նորմալ չի, ճիշտ չի: 

 

Այ որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես: Ի դեպ, «բացահայտումը», թե ես թանկարժեք բաճկոն եմ հագնում, առաջինը կարծես արել է մի ռուսալեզու տելեգրամ-ալիք, «անաչառ» լրատվամիջոցներն էլ էլի հավեսով տարածել են: Ընդ որում՝ «բացահայտող» աղջիկն էլ իսկական չէ, արհեստական բանականությամբ է գեներացված (չարաշահում եք ԱԲ-ն): Ասեմ՝ բաճկոնը գնել եմ պատիկներով ավելի էժան, քան տարածում են, բրենդային աութլեթից: Գնելու համար ոչ մի գույք չեմ տվել պարտքի դիմաց:

 

Ու վերջում՝ ականջներիդ օղ արեք՝ ինչքան էլ մեջտեղից ճղվեք, ինչքան էլ փող ծախսեք, ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է՝ չեք հաջողելու. Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և զարգացող պետություն:

 

Լավ ա լինելու, ժողովուրդ ջան։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում