Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հաղորդագրությունների շուրջ Մենենդեսի հայտարարությունը

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հաղորդագրությունների շուրջ Մենենդեսի հայտարարությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների մասին քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը

‘’Առ այսօր ԱՄՆ-ի որեւէ նախագահ Հայոց ցեղասպանության պատմական փաստերի հաստատումը չի դարձրել ԱՄՆ-ի քաղաքականության մաս, Ցեղասպանություն, որը 1915-ից մինչեւ 1923 թվականը շարունակվելով, դարձել է մոտ 2 միլիոն հայերի արտաքսման եւ 1.5 միլիոն այլոց սպանության պատճառ:

«Ինձ համար մեծ պատիվ է և աներևակայելիորեն հուզված եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի նշում եմ Նախագահի կողմից, ըստ հաղորդագրությունների, այն պաշտոնապես ճանաչելու որոշումը ողջունելով: Որոշում, որը վերջ կդնի մարդկության պատմության ամենագորշ իրադարձություններից մեկն արդեն մեկ դար մոռացության տալու հանգամանքին:

Այսօր մենք կանգնում ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են ընդդեմ աշխարհում որեւէ վայրում իրականացող անարդարությունների: Մենք պատվում ենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը կորցրին Ցեղասպանության տարիներին, հիշում ենք նրանց մահը, եւ միեւնույն ժամանակ հուսադրվում այն փաստով, որ փոխում ենք նրանց մահը հիշելու հարցում պատմության ընթացքը:

Արդեն երեք տասնամյակ Կոնգրեսում այս ուղղությամբ իմ մղած պայքարից հետո, այսօր հպարտ եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է առանց երկմտանքի հայտարարել, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է’’, ասված է Բոբ Մենենդեսի ուղերձում:

Հիշեցնենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Մենենդեսը նմանատիպ մի ուղերձով հանդես էր եկել նաեւ երկու օր առաջ:

Մենենդեսը երկար ժամանակ է հանդիսանում ԱՄՆ-ի հայ համայնքի համար բուռն կերպով պայքարող գործիչ, ում ղեկավարության ներքո 2006 թվականից ի վեր առաջ քաշվեց Հայոց ցեղասպանությունը Սենատի կողմից ճանաչվելու բանաձեւը: Մինչ այդ նա այդ պայքարը ծավալել էր Ներկայացուցիչների պալատում: 2019 թվականի նոյեմբեր ամսից սենատոր Մենենդեսն ամեն շաբաթ էր բանաձեւը ներկայացնում Սենատի քննարկմանը: Ամեն անգամ հանրապետական որեւէ սենատորի կողմից արգելափակման ենթարկվելուց հետո, Մենենդեսը խոստանում էր բանաձեւը ներկայացնելու գործընթացից չհրաժարվել այնքան ժամանակ, քանի դեռ Ցեղասպանության մերժողականությունը չէր տապալվել:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սենատը միաձայն ընդունեց Մենենդեսի բանաձեւը, որը հաստատում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն անցյալ ամիս միավորեց Սենատի 37 գործընկերների ջանքը` խնդրելով Բայդենի վարչակազմին միանալ ԱՄՆ Կոնգրեսին ՝ պաշտոնապես ճանաչելու համար Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում