Արցախի պետնախարար Բեգլարյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանն ընդգծել է դպրոցի ունկնդիրների ավանդական դարձած այցերի կարևորությունը՝ նշելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն է ընձեռելու ապագա դիվանագետներին տեղում պատկերացում կազմել Արցախի, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, ինչը կօգնի հետագայում միջազգային հարթակներում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ կատարել: Բեգլարյանը հորդորել է ներկաներին նախաձեռնողական, հետևողական ու ստեղծագործ լինել դիվանագիտական ծառայության մեջ, և այդ որակների շնորհիվ հնարավոր կլինի հասնել նույնիսկ անհնարին թվացող արդյունքների:
Ըստ աղբյուրի՝ իր խոսքում Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ապագա դիվանագետների շփումներն Արցախում:
Նշվում է որ Արատակ Բեգլարյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, հայկական երկու պետությունների համագործակցությանն, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:
Կարծիքներ