Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը պատրաստվում է ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հետախուզական ծառայությունները տվյալներ են փոխանցել ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք երկրների, որ Իրանը զբաղվում է ուրանի մինչև 90% հարստացման տեխնիկական նախապատրաստություններով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ից երկու աղբյուրներ։
Ըստ հետախուզական տեղեկատվության, որը Իսրայելը փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին, Իրանի նախապատրաստական աշխատանքները թույլ կտան նրան մի քանի շաբաթվա ընթացքում անցնել ուրանի հարստացմանը նշված մակարդակին։
Ինչպես ընդգծում է պորտալը, մինչև 90 տոկոս հարստացված ուրան կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։
Իսրայելի վարչապետի գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Հուլիսին Իրանի այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանը մինչև 90% հարստացնելու համար։
Կարծիքներ