Քաղաքացիները ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» գնդացիր, ինքնաձիգ և այլ հրազեններ են հանձնել
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում Մասիսի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիրն ու 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտը թողել էր Այնթապ գյուղի կամրջի տակ ու զանգել ոստիկանություն։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 33 փամփուշտ։
Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղաշեն գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ։ Բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ախուրյանի ոստիկանները։
Հացիկ գյուղի բնակիչներից մեկը հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Առանց գործարանային համարի ակոսափող հրազենն էլ ոստիկանության Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարծիքներ