Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»
«ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերությունը ֆեյսբուքի իր էջում հերթական հաղորդագրություն է տարածել, ըստ որի ներկա պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Դրանցում ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները։
«Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է։
Զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքն այս խոշոր վթարի պատճառով նույնպես խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով, և Ձեր հարցումների պատասխաններն օբյեկտիվ պատճառներով կարող են ուշանալ:
Հավելենք, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ:
Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է ընկերության ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, որ «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերության աշխատանքը խաթարված է երեկվանից՝ հուլիսի 8-ից: Որպես առաջացած խնդրի պատճառ նշվում է հոսանքի տատանումը:
Կարծիքներ