«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը և համագործակցության հնարավորությունները
2022 թ. «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի շրջանակում փորձագետ Գեղամ Ռոստոմյանի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի գյուղատնտեսական գիտություններ անվանակարգի հայտատուների հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Կարևորելով պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդական ոլորտն ու իրականացվող ծրագրերը:
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը»,- նշել է Զարա Ասլանյանը և հավելել, որ ծրագրի նպատակն է մրցույթների միջոցով հավաքագրել երիտասարդների հետաքրքիր ու նորարական գաղափարները, այնուհետև հարթակ ստեղծել դրանք կյանքի կոչելու համար:
Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը հավելել է՝ նմանօրինակ համագործակցությունը երիտասարդներին իրենց գաղափարներն իրացնելու հնարավորություն է տալիս՝ ապահովելով ծրագրերի շարունակականությունը:
Իմփաքթ Հաբ Երևանի Ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագրերի համակարգող Միշա Պողոսյանը ընդգծել է, որ համայնքների զարգացման տեսանկյունից պետության համար սոցիալական ձեռներեցության հմտությունների ձեռքբերումն ու արդյունավետ իրականացումը շատ կարևոր են. «Սոցիալական ձեռնարկատիրության հիմնական գաղափարն է երիտասարդին ներգրավել համայնքի զարգացման գործընթացում: Սա նաև թույլ է տալիս վեր հանել համայնքային խնդիրները՝ ուղենշելով դրանց լուծման ճանապարհները»:
ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանն իր հերթին մասնավոր օրինակների միջոցով անդրադարձել է ֆեդերացիայի գործունեության և Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությանը՝ կարևորելով երիտասարդների ստարտափների շարունակության ապահովումը:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում «Գյուղատնտեսական գիտություններ» անվանակարգում սածիլամանների և պարկուճերի նորարարական տեխնոլոգիաներին վերաբերող իր ծրագիրը ներկայացրած Գուրգեն Ալեքսանյանը նույնպես գաղափարի շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ստացել:
«ԿԳՄՍ նախարարության մրցույթը նաև նոր կապեր հաստատելու, ոլորտի մասնագետների հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռում մասնակիցներին, ինչը պակաս կարևոր չէ բիզնես գաղափարը շարունակելու համար: Այսօր այս համագործակցությունը նոր հորիզոններ է բացում երիտասարդների համար, ինչի արդյունքում նոր գաղափարներ են ծնվում»,- ասել է Գուրգեն Ալեքսանյանը:
Հանդիպման ավարտին իրենց հաջողության պատմությունները ներկայացրել են ծրագրի նախկին մասնակիցներ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Լիանա Մարգարյանը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը:
Իմփաքթ Հաբ Երևանի ղեկավարությունն էլ հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է մասնակցել իրենց կողմից հայտարարված ծրագրերին, որը հնարավորություն կտա շփվել ոլորտային փորձառու մասնագետների հետ՝ գաղափարներին նոր շունչ տալու նպատակով:
Կարծիքներ