ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը քննարկվել է ոլորտի շահառուների հետ
պորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր նախաձեռնել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը,ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և «Սիվիտտա» Հայաստան կառավարման խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը, կրթության ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացւական հասարակության և կրթական մի շարք կառույցների ներկայացուցիչներ: Ավելի քանի 7 տասնյակ մասնակիցներ նախապես հերթագրվել էին, ինչպես նաև ապահովված էր քննարկմանը առցանց հետևելու հնարավորություն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը, ներկայացրել է գործողություններ ծրագրի վերջնական նպատակը և ռազմավարական հիմնական ուղղությունները:
«Հավատարիմ ժողովրդավարության լավագույն սկզբունքներին՝ ցանկանում ենք հանրային տարբեր ձևաչափերով քննարկումներ ունենալ, լսել հանրությանը, կրթության շահակիցներին և այդ ամենի հիման վրա ունենալ լավագույն նախագիծը: Նաև հանրային մասնակցայնության շնորհիվ ակնկալում ենք ունենալ իսկապես որակյալ փաստաթուղթ, որն ուղենշային կլինի մեզ համար մինչև 2030 թվականը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ընդգծել՝ ծրագրի համար հիմք են ծառայել ոչ միայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, այլև միջազգային տարբեր մասնագիտացված կառույցների երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերը:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի վերջնական նպատակը, այն է՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորում: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի ռազմավարական ուղղություններին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Որպես ծրագրի առանձնահատկություններ՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է հստակ արդյունքային շրջանակը, գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելու համար, միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականի համար նախանշվել են միջանկյալ արդյունքներ, որի գնահատման հիման վրա արդեն առավել մանրամասն կլինի մինչև 2030 թվականի ծրագիրը:
Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը հանգամանորեն ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Անդրադառնալով, մասնավորապես, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ որպես նպատակներ սահմանվել են՝ բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։
Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները։ Նա կարևորել է նաև սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ֆինանսավորման, այդ թվում՝ պետական, տարբերակված քաղաքականության գործարկման մեխանիզմների ներդրումը հանրապետական նշանակության հաստատություններում։
«Այս տարի ՄԿՈՒ ոլորտում դասավանդողները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորմանը, տարակարգի շնորհման կարգերին և իրենց կարողությունները զարգացնող մի շարք այլ գործընթացների»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրն էլ ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գործողությունների պլանն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին որակի ապահովմանն ու բարձրացմանը:
«Գործողություններից մեկը վերաբերում է պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմների սահմանմանը: Այսինքն՝ նախատեսվում են մասնագիտություններ, որոնց պարագայում սովորողներն օգտվելու են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցումից: Հաջորդ և կարևոր նպատակը բուհերում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող ուսանողների համար անհրաժեշտ հարմարեցումներով միջավայրի ստեղծումն է: Այն իրենից ենթադրում է ենթակառուցվածքների և այլ խելամիտ հարմարեցումներով միջավայրի ստեղծում՝ թեքահարթակներից սկսած մինչև, օրինակ, տեսողության խնդիր ունեցող անձանց համար դասագրքերի և այլ հարմարությունների ապահովում»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:
Հանրային քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներին՝ հարցադրումներ անելով, մասնավորապես, հանրակրթական դպրոցների շենքային պայմանների, վերապատրաստումների, որակի վերահսկողության և այլնի վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ բարձրացված հարցերը ներկայացված են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում, սահմանվել են թիրախներն ու դրանք իրագործելու ճանապարհները:
«Հասկանում ենք՝ մեկ օրում բոլոր խնդիրները չեն լուծվի. մենք հիմա բարեփոխումների փուլում ենք: Ներդրել ենք նոր չափորոշիչ, որը, վստահ ենք, ավելի որակյալ կրթություն ունենալու հնարավորություն կտա: Ներդնում ենք ուսուցիչների խրախուսման մեխանիզմներ և գործողությունների պլանով ցույց ենք տալիս բոլոր այն մեխանիզմները, որոնք հետագա տարիներին ենք ներդնելու, որպեսզի ուսուցչի աշխատանքը դառնա ավելի հետաքրքրական թե՛ ոլորտի աշխատակիցների, թե՛ դիմորդների համար, իսկ մանկավարժական կրթությունը և գործունեությունը դառնան ավելի գրավիչ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ յուրաքանչյուր գործողություն գնահատվել է ինչպես անկախ փորձագետների, այնպես էլ ԿԳՄՍՆ ֆինանսական վարչության կողմից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ պատրաստ են լսել կառուցողական առաջարկներ և քննարկել գործողությունների ծրագրում համապատասխան փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնը ևս կարևորել է նմանօրինակ քննարկումները և վերահաստատել աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Սիլվիա Մեստրոնն առանձնացրել է մի քանի ուղղություններ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարևորում է: Դրանք, մասնավորապես, վերաբերում են բոլոր դպրոցները ներառական և երեխայակենտրոն դարձնելուն, ճգնաժամային պայմաններում երեխաների կրթության իրավունքի ապահովմանը և այլն:
Հանդիպման ընթացքում «Սիվիտտա» ընկերության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը համառոտ ներկայացրել է Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած՝ կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ «ՍԻՎԻՏՏԱ ԱՄ» կազմակերպության կողմից իրականացված Հայաստանի կրթության ոլորտի վերլուծությունը: Արդյունքները վերաբերել են ՀՀ-ում նախադպրոցական տարիքի և դպրոցահասակ երեխաների թվաքանակի, սպասվելիք փոփոխությունների, դպրոցների սեյսմիկ անվտանգության, ինչպես նաև Հայաստանում կրթական ծախսերի, Երևանում և մարզերում դպրոցների ծանրաբեռնվածության և պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների, կրթության արդյունավետության և աղքատության ցուցանիշի կապի և մի շարք այլ խնդիրների:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է e-draft էլեկտրոնային հարթակում. հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողություններն ու նկատառումները:
Կարծիքներ