Մեդիագրագիտությունը մեր կրթական համակարգի առանցքային կոմպետենցիաներից է. Ժաննա Անդրեասյան

Մեդիագրագիտությունը մեր կրթական համակարգի առանցքային կոմպետենցիաներից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ նոյեմբերի 6-12-ն անցկացնում են «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթ:

Այսօր տեղի է ունեցել մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մեդիագրագիտության շաբաթվա անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարն ընդգծել է, որ հանրության շրջանում այն դառնում է վարքականոնի մի մաս՝ առանձնացնելու կարևոր անելիքները, թեմաները և ուղղությունները:

«Մեդիագրագիտության կարևորության և խնդիրների մասին միայն այս ծրագրի ընթացքում չէ, որ խոսում ենք. այն մեր ամբողջ տարվա գործն է: Սակայն այս շաբաթը թույլ է տալիս ավելի թիրախային ամփոփելու արված աշխատանքները, վերլուծելու, քննարկելու անելիքները, ինչպես նաև այս ծրագրերի, միջոցառումների անցկացման հնարավորություն ընձեռել հիմնական շահառուներին: Միջոցառումներն ու ծրագրերն այնքան բազմազան են, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կգտնի հենց իր հարցերին ամենաճշգրիտը պատասխանող ձևաչափը»,- ասել է նախարարը և ուրախությամբ արձանագրել, որ տարիներ շարունակ ծրագրին իրենց գործուն մասնակցությունն են բերում կրթական հաստատությունները, ուսուցիչները, աշակերտները և ուսանողները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեդիագրագիտությունը կրթական համակարգի կարևոր բաղադրիչ է՝ առանց որի չի կարելի պատկերացնել ժամանակակից կրթությունը: «Մեդիագրագիտությունը դարձել է նաև մեր կրթական համակարգի ամենաառանցքային կոմպետենցիաներից մեկը: Շատ կարևոր է, որ հանրակրթության նոր պետական չափորոշչում մեդիագրագիտությունը նշված է որպես առանցքային կարողունակություն, ընդ որում՝ նախադպրոցական տարիքից: Սեպտեմբերից բոլոր դպրոցները փուլային եղանակով արդեն իսկ նոր չափորոշչով աշխատելու ճանապարհին են, հետևաբար ավելի է կարևորվում մասնակցությունը մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին: Ինչ-որ առումով սա դառնում է նոր չափորոշչի գործնական հմտությունների և վերապատրաստման եղանակ»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների մասնակիցները ձեռք բերած հմտությունները կկարողանան ակտիվորեն կիրառել:

Անդրադառնալով մեդիագրագիտության շաբաթվա այս տարվա խորագրին՝ «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ», նախարարը նշել է. «Կարիք կա, որ ևս մեկ անգամ յուրաքանչյուրս մտածենք այն մասին, թե մեր սեփական պահվածքով ինչ վարքականոնի հաստատմանն ենք նպաստում: Մեդիագրագիտությունը դառնում է ցանկացած գիտելիքի ուղեկցող պայման, որը մեզ օգնելու է ստացած գիտելիքը ճիշտ օգտագործել բոլոր իրավիճակներում: Կրթական համակարգի դերն է՝ երեխաներին դարձնել իրազեկված և պաշտպանված»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մեծահասակների կրթության խնդրին՝ նշելով, որ խնդիրների զգալի հատվածը գալիս է նաև հանրային մեդիագրագիտության ոչ պատշաճ մակարդակից: Նրա խոսքով՝ այստեղ մեծ անելիքներ կան մեծահասակների կրթության առումով՝ այս համատեքստում կարևորելով ոչ ֆորմալ կրթական դասընթացների կազմակերպումը:

Միջոցառման բանախոսներն իրենց հերթին ընդգծել են մեդիագրագիտության շաբաթվա կարևորությունը և ներկայացրել ծրագրի իրականացմանն ուղղված իրենց աջակցությունը:

Նշենք, որ մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի այն անցկացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում