Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց. Կոնստանտին Զատուլին

Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց. Կոնստանտին Զատուլին

Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց: Այս մասին NSN-ին հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Բաքվի շքերթից պարզ է դառնում, թե ում դաշնակիցն է իրականում Ադրբեջանը: Այս միության փաստն ավելի վաղ էր ապացուցվել եւ դրսեւորվել շատ առումներով: Մասնավորապես, Բաքուն եւ Անկարան համակարգում են քաղաքականությունը Կովկասում եւ միասին են գործում: Մոսկվայում հայտարարություններ էին հնչեցվում, որ Ադրբեջանը եւ Հայաստանը հավասարապես մոտ են Ռուսաստանին: Իրականում երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների տարբերությունը, սակայն քարոզիչները եւ թարգմանիչները միշտ չէ, որ հասկանում էին դա»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ադրբեջանը ոչ թե հաղթել, այլ վիշապի ատամներ է ցանել: «Ադրբեջանը զգաստացրեց Ռուսաստանին, ատելության ալիք առաջացրեց իր նկատմամբ Հայաստանի եւ դրան կարեկցող պետությունների կողմից: Իզուր չէ, որ Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում  հայտարարություններ են ընդունվում: Այս «հաղթանակը» կարող է բումերանգով վերադառնալ Թուրքիային: Օրինակ` 1974 թվականից ի վեր այն օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը քննադատում էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը` երկար ձգձգվելու համար: Իսկ որքա՞ն է ձգվում Կիպրոսը. 20 տարուց ավել»,- հիշեցրել է Զատուլինը:

Պատգամավորը կարծում է, որ այսուհետ Ռուսաստանին անհրաժեշտ է ակտիվացնել իր քաղաքականությունը Կովկասում: «Միայն Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանի հարձակումը տարածվի Հայաստան: Չնայած առանձին դրվագներ եղան, այդ թվում` խոցված ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: Այս ամենը թույլ է տալիս ասել, որ Ռուսաստանի խաղաղապահ օպերացիան այլընտրանք չունի, իսկ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդել: Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանին որպես խնդրահարույց երկիր դիտարկել»,- նշել է խորհրդարանականը:

Բացի այդ, Զատուլինը գնահատել է նաեւ Ալիեւի խոսքերը Հայաստանում պատմականորեն ադրբեջանական հողերի մասին: «Ցանկացած վերլուծության մեջ սա չսքողված տարածքային պահանջ է: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն անհիմն կերպով յուրացնում է բնակեցման պատմությունն այս հողերում: Իրականում ադրբեջանցիների նախնիներն հայտնվել են այնտեղ XII դարում, սակայն հայկական պատմական հուշարձանները դրանից առաջ էլ են եղել Ղարաբաղում: Այնուամենայնիվ, Բաքուն դրանք ալբանական է անվանում»,- պատմել է պատգամավորը:

Պատգամավորը քննադատության է ենթարկել նաեւ Էրդողանի` «խելքը գլուխը հավաքելու» կոչը Հայաստանին: «Սա հերթական պարծենկոտությունն է Թուրքիայի ղեկավարի կողմից: Այն կանխամտածված զայրացնում է Հայաստանին եւ շոյում է իր էգոն: Նույնն անում է Ալիեւը: Դրանք ցուցադրաբար արհամարհում են իրենց ճանապարհին հայտնված ժողովրդի զգացմունքները»,- կարծում է նա:

Զատուլինը պատմել է` արդյո՞ք Մոսկվան պետք է ավելի հստակ հայտարարի Հայաստանի պաշտպանության մասին: «Ռուսաստանն արդեն հայտարարել է այս մասում, դա բխում է  համագործակցությունից ՀԱՊԿ շրջանակներում: Այլ հարց է, որ այսօր խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունների մասին ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի առջեւ»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում