Ճապոնիայի փոխարտգործնախարարը հրաժարվել է հարավկորեացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսից

Ճապոնիայի փոխարտգործնախարարը հրաժարվել է հարավկորեացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսից

Ճապոնիան հրաժարվել է Վաշինգտոնում համատեղ մամուլի ասուլիս կազմակերպել՝ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության գործընկերների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով՝ Սեուլի հետ տարածքային վեճի հերթական սրման պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ պատասխանելով լրագրողների հարցին։

«Տակեսիմա կղզիների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հարավկորեական կողմին արտահայտված խիստ բողոքի ֆոնին մենք եկանք այն եզրակացության, որ համատեղ մամուլի ասուլիսի անցկացումը տեղին չէ»,- ասել է նա։

Մացունոն նաև կրկնել է, որ հարավկորեական կողմի գործողությունները հակասում են Տակեսիմա կղզիների վերաբերյալ Ճապոնիայի դիրքորոշմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակը Կորեական թերակղզում, համագործակցությունը՝ ուղղված ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի իրականացմանը և Չինաստանի գործողություններին։ 

Ճապոնական ծովում գտնվող Տակեսիմա կղզիները Տոկիոյի և Սեուլի միջև վեճի առարկա են։ Ճապոնիան պնդում է, որ Հարավային Կորեան անօրինական կերպով օկուպացրել է այս տարածքները, որոնք ներառվել են Ճապոնական կայսրության կազմում 1905 թվականին։ Հարավային Կորեայի իշխանությունները, ինչպես ԿԺԴՀ ղեկավարությունը, հայտարարում են, որ այս փոքրիկ արշիպելագը միշտ եղել է Կորեայի պետության մաս։ Այժմ կղզիները վերահսկվում են հարավկորեական բանակի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում