Գերմանիան ևս 15 մլն եվրո ֆինօգնություն կհատկացնի Գազայի հատվածի բնակիչներին
Գերմանիան լրացուցիչ 15 մլն եվրո կհատկացնի պաղեստինյան տարածքների բնակիչներին օգնելու համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
«Արտաքին գործերի նախարարությունը ևս 15 մլն եվրո կհատկացնի պաղեստինյան տարածքներին տրամադրվող հումանիտար օգնության շրջանակում: Մեծ մասը նախատեսված է Գազայի բնակիչների համար: Այսպիսով, այս տարի մեր տրամադրած ֆինօգնությունը կգերազանցի 50 մլն եվրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ է մտել իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հրադադարը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է մոտ 250-ի, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 13-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Կարծիքներ