ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը Նիգերում հանդիպել է զինվորական խունտայի հետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդն օգոստոսի 7-ին հանդիպումներ է անցկացրել Նիգերում իշխանությունը զավթած խունտայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Նուլանդը հայտնել է, որ Նիգերի մայրաքաղաք Նիամեյում հանդիպել է գեներալ Մուսա Սալաու Բարմոյի ու երեք գնդապետների հետ և ավելի քան երկու ժամ «չափազանց անկեղծ և երբեմն դժվար» զրույցներ անցկացրել։
«Հուսով եմ, որ նրանք դուռը բաց կպահեն դիվանագիտության համար: Մենք դա առաջարկել ենք: Նրանց գաղափարները դեմ են սահմանադրությանը, և եթե նրանք այդ ճանապարհն ընտրեն, ապա մեր հարաբերությունների առումով դժվար կլինի, սակայն մենք նրանց մի քանի տարբերակ ենք տվել զրույցը շարունակելու համար, և հուսով ենք, որ նրանք մեզ կաջակցեն այդ հարցում», - CNN-ը մեջբերում է Նուլանդի խոսքը:
Պաշտոնյան հայտնել է, որ Նիգերի կալանավորված նախագահ Մոհամեդ Բազումի հետ հանդիպելու խնդրանքը մերժվել է։ Բացի այդ, նրան չի հաջողվել հանդիպել երկրի նոր ղեկավար հայտարարված բանակի գեներալ Աբդուռահման Տիանիի հետ։
Պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ Նուլանդի ուղևորության նպատակն այն էր, որպեսզի «բացատրի, թե ինչն է վտանգված, եթե Նիգերը չհարգի իր սեփական սահմանադրական կարգը»։
«Դա ներառում է հարյուր միլիոնավոր դոլարների հնարավոր կորուստ Նիգերի ժողովրդի համար՝ տնտեսության ու անվտանգության աջակցության տեսքով: Հաշվի առնելով բացասական քաղաքական զարգացումների հետ կապված մեր մտահոգությունը՝ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել որոշակի օգնությունը Նիգերի կառավարությանը, քանի դեռ իրավիճակը մնում է հեղհեղուկ», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի տեղեկագրում։
Կարծիքներ