Քաղցրացուցիչներով ըմպելիքների գործածությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը. գիտնականներ
ԱՄՆ-ի սրտաբանների քոլեջի գիտնականներն անց են կացրել հետազոտություն, որի արդյունքում պարզել են, որ քաղցրացուցիչներ պարունակող ըմպելիքները կարող են վտանգավոր լինել։ Ինչպես գրում է actualnews.org կայքը, փորձագետները վստահ են, որ նման ըմպելիքների գործածությունը բարձրացնում է սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 104 760 մասնակից, որոնք 2009-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ նշում էին օրվա ընթացքում օգտագործվող սնունդն ու ըմպելիքները։ Ըմպելիքները համարվում էին քաղցր, եթե դրանցում շաքարի պարունակությունն ավելի քան 5% էր։ Կամավորներին մասնագետները բաժանել են խմբերի՝ առանձնացնելով այն մասնակիցներին, որոնք օգտագործում էին քաղցր ըմպելիքներ (բնական հյութեր, օշարակներ, մորսեր) և շաքարի փոխարինիչներ պարունակող ըմպելիքներ։
Կամավորներին մասնագետները բաժանել են երեք խմբի՝ ըստ շաքարի բարձր գործածության, սահմանափակ գործածության ու սննդակարգից դրա բացառման։ Գիտափորձի ընթացքում գիտնականները հայտնաբերել ու գրանցել են սրտանոթային այն հիվանդությունները, որոնք կամավորների մոտ առաջին անգամ էին ի հայտ եկել։ Մասնավորապես գիտնականներն ընդգծել են գլխուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի, սուր կորոնար համախտանիշի, տրանզիտոր իշեմիկ գրոհի և անգիոպլաստիկայի կիրառություն ենթադրող խնդիրների առկայությունը։
Հետազոտության արդյունքում սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել 1379 մարդու մոտ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավել հաճախ առողջական խնդիրներ են հայտնաբերվել քաղցր ըմպելիքների կամ քաղցրացուցիչներ պարունակող ըմպելիքների սիրահարների մոտ։ Նման ըմպելիքների գործածության դեպքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրանում է 20%-ով։
Կարծիքներ