Մենք նման քայլերը համարում ենք ոչ բարեկամական. Զախարովան՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուսի վավերացման մասին

Մենք նման քայլերը համարում ենք ոչ բարեկամական. Զախարովան՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուսի վավերացման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի «ոչ բարեկամական» գործողություններն ու հայտարարությունները կազդե՞ն ռուսական կողմի վերաբերմունքի վրա ղարաբաղյան հակամարտության և ռուս խաղաղապահների տեղակայման նկատմամբ։

«Մենք ելնում ենք նրանից, որ նման ոչ բարեկամական բնույթի հայտարարություններ չպետք է արվեն ոչ թե այն պատճառով, որ, Աստված մի արասցե, մենք չենք հարգում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Իհարկե, մեզ համար սա ինքնիշխան պետություն է։ Բայց մենք խոսեցինք նման հայտարարությունների անընդունելիության, վնասակարության և վտանգավորության մասին, քանի որ դրանք կարող են սրել և վատթարացնել կարգավորման գործընթացը։ Եվ նրանք, անշուշտ, կխոչընդոտեն այն ամենի իրականացմանը, ինչի շուրջ երկու կողմերը պայմանավորվել են ռուսական միջնորդությամբ։ Այս ամենը արձանագրվել է փաստաթղթերում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ որոշ հայտարարություններ  խանգարում են կարգավորման գործընթացին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան ընկալում Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի ծրագրերը և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը, Զախարովան նշել է.

«Բառացիորեն վերջերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել մի շարք անբարյացակամ գործողությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, արվել են պաշտոնական Երևանի կողմից, և դրանց թվում է հենց այն, ինչի մասին ես խոսում եմ: Մենք տվել ենք մեր մեկնաբանությունը, բայց Երևանի մոտիվացիան դեռ պետք է բացատրի. պետք է պարզաբանի հայկական կողմը, ոչ թե մենք, թե ի՞նչ են անում կամ ինչո՞ւ։ 

Բայց մենք նման քայլերը համարում ենք ոչ բարեկամական, ինչպես բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին երկկողմ կապուղիներով և խոսել այդ մասին բաց ու հրապարակային»։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական դեմարշ է հայտնել Ադրբեջանին՝ կապված Ռուսաստանի Դաշնության չորս շրջաններում ընտրությունների մասին Բաքվի հայտարարության հետ։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում