Դժբախտ պատահար Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհին․ 9 տարեկան տղա է մահացել
Այսօր Հուլիսի 19-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհին։ Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել փոքրիկ ձորակում, ինչի արդյունքում անչափահաս երեխա է մահացել։ Freenews-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, եւ կողաշրջվել է։ Մեքենայի մեջ եղել են երեք երեխաներ, որոնցից մեկը՝ 9 տարեկան տղան մահացել է, իսկ մյուս երկուսին տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոց։
Մեքենայի վարորդը ով հանդիսացել է մահացող երեխայի հորեղբայրը տեղափոխվել է Աշոցքի բժշկական կենտրոն։ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Տիգրան Տոնականյանը Freenws-ի հետ զրույցում նշեց․
«Հիվանդն ընդունվել է թեթև քերծվացքներով, կատարվել է համալիր բուժզննում, լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել և դուրս է գրվել։ Իսկ մահացած երեխայի ծնողները չեն տուժել եւ չեն դիմել բուժծառայության, այդ պահին գտնվել են սթրեային վիճակում։ Տարածքում են եղել նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր ցուցաբերել են առաջին օգնություն, իսկ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի վնասվածքից»։
Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը freenews-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ընդունվել են ոչ թե 2 այլ 6 երեխա, որոնցից 5 –ը տացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ մեկը անցել է լուրջ հետազոտություն, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որի պատասխանը ստանալուց հետո, նոր պարզ կլինի հետագա բուժման ընթացքը, եզրափակեց, Ժ․ Սերոբյանը։
Կարծիքներ