Մենք չենք լռելու, բավական է. ԵԽ քուրդ պատգամավորը զգուշացրեց Ադրբեջանին

Մենք չենք լռելու, բավական է. ԵԽ քուրդ պատգամավորը զգուշացրեց Ադրբեջանին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները զգուշացնում են Ադրբեջանի իշխանություններին, որ աշխարհը ուշադրությամբ հետևում է և թույլ չի տալու Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ, Շվեդիան ներկայացնող պատգամավոր Էվին Ինջիրը՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին:


Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծնված, ազգությամբ քուրդ, բայց այժմ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանն այժմ համակարգային փորձեր է անում Լեռնային Ղարաբաղում հայկական հարուստ պատմությունն ու մշակույթը վերացնելու ուղղությամբ:

Ինջիրի խոսքով՝ Ադրբեջանի հարձակումը հայկական մշակութային ժառանգության վրա հարձակում է Հայաստանի վրա և ամենակարևորը՝ հարձակում է Հայաստանի ապագա սերունդների վրա:

«Պատմությունը վերաշարադրելու միջոցով գերիշխանության հասնելու համար Ադրբեջանը դիմում է մշակութային գանձերի ոչնչացմանը, որոնք ապագա սերունդները այլևս չեն կարողանա վայելել: Սա մի բան է, որը ես՝ իմ քրդական արմատներով, տեսել եմ իմ ժողովրդի և մեր ինքնության հանդեպ Թուրքիայում», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ պարտադրելով դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:


«Բանաձևը, որն այսօր քվեարկելու ենք (բանաձևն ընդունվել է, -խմբ), հնարավորություն է տալիս հստակ ուղերձ ուղարկելու Ադրբեջանին, որ աշխարհը նայում է, և մենք չենք լռելու, եթե լռությունը և բռնության սպառնալիքը չդադարեցվի: Եվրոպական խորհրդարանը պետք է դեմ հանդես գա Ադրբեջանի անընդունելի գործողություններին, միջազգային համաձայնագրեր պետք է հետևեն դրան: Հետևաբար` մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ հատկապես հաշվի առնելով իր անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը հստակորեն արգելում է մշակութային ժառանգության ոչնչացումը: Բավակա՛ն է: Հերիք եղավ, բոլ եղավ», - հայտարարեց Էվին Ինջիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում