Երևանի քաղաքապետարանում առաջարկվել է հուշարձանային շենքերի դեպքում ընդունելի համարել թեթև կոնստրուկցիաներով լուծումները
Երևանում հուշարձան-շենքերի պահպանության խնդիրներն են քննարկվել քաղաքապետարանում անցկացված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, նիստը վարել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Կարևորելով խորհրդի գործունեությունն ու դերը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձան-շենքերի հարցում պետք է որդեգրել մեկ ընդհանուր մոտեցում, որը, վերակառուցումից բացի, կբացառի այլ լուծումեր ու ծավալային փոփոխություններ:
«Դեռևս 2022թ. սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանը քանդման լայնամասշտաբ աշխատանքներ է սկսել տարբեր հատվածներում: Նախարարության հետ գործակցությամբ ապամոնտաժեցինք Հանրապետության հրապարակի՝ պատկերասրահի կամարակապ հատվածը փակող կառույցը: Ապամոնտաժվում են նաև սրճարանային հատվածներ կանաչ գոտիներում, որոնք աղճատում են քաղաքային միջավայրը: Քաղաքային իշխանությունն այս հարցերում ունի հստակ մոտեցում, որով առաջ է շարժվում, օրակարգում Աբովյան փողոցն է և օպերայի շրջակայքը: Հուշարձան-շենքերի դեպքում, կարծում եմ, մոտեցումը պետք է առավել խիստ լինի, և ծավալային առումով շենքերի փոփոխությունը դառնա անհնարին» ,-նշել է փոխքաղաքապետը:
Խորհուրդն անդրադարձել է նաև լքված հուշարձան-շենքերի խնդրին, քննարկել դրանք վերակենդանացնելու պետական ու համայնքային լիազորությունները: Բարձրացվել է նաև հուշարձանների ցանկի թարմացման ու դրանցում քաղաքի համար խորհրդանշական մի շարք շենքերի ներառման հարցը:
Փոխքաղաքապետը նշել է, որ տևական դադարից հետո կվերսկսի աշխատանքը քաղաքաշինական խորհուրդը: Համայնքն աշխատանքներ է տանում նաև գլխավոր հատակագծի ուղղությամբ:
Անցնելով օրակարագային հարցին՝ քննարկվել է Ամիրյան 1 հասցեում գտնվող «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի գլխավոր մասնաշենքի առաջամասում բացօթյա սրճարանի էսքիզային առաջարկը:
Ներկացնելով նախագիծը՝ նշվել է, որ վերջին երկու տարում սրճարանը գործում է կոնստրուկցիոն նոր լուծմամբ, որ չի ամրանում շենքին, իսկ սեզոնի ավարտին ամբողջությամբ հավաքվում է:
Ճարտարապետներն ու ոլորտի մասնագետները, ընդգծելով Հանրապետության հրապարակի նշանակությունը, առաջարկել են այսուհետ հուշարձանային շենքերի դեպքում ընդունելի համարել միայն թեթև կոնստրուկցիաներով լուծումները: Հաշվի առնելով նոր մոտեցումների անհրաժեշտությունը՝ խորհուրդը որոշել է թույլատրել սեզոնային գործունեությունը ներկայացված նախագծով՝ պայմանով, որ տնտեսվարողը սահմանված ժամկետում պետք է ներկայացնի նոր, փոփոխված և խորհրդի դիտարկումները ներառած նախագիծ:
Կարծիքներ