ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին դեսպանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է, դեսպանն ասել է. «Դժվար է ասել. կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ունենք այն, ինչ ունենք: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»: Հստակեցնող հարցին, թե արդյոք չպետք է բացառել իրադրության որևէ զարգացում, դեսպանը հաստատական պատասխան է տվել՝ այո:

«Իրադրությունը կայունացել է այս պահի դրությամբ»,- հավելել է նա:

Տողանյանը տեղեկացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում և ադրբեջանական կողմից գերեվարված հայերին հետ վերադարձնելու հարցերի առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում