Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսական
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի արևելյան սահմանի վրա նախորդ տարվա խաղաղության մասին համաձայնության կոպիտ խախտում է, և դա չի կարելի հանդուրժել: 6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետևանքով, այս վիճաբանությունը չպետք է պատճառ դառնա նոր կորուստների: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Կարծիքներ