ՀՀ նախագահը կարևորել է Հայաստանում և Ավստրիայում միմյանց մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը

ՀՀ նախագահը կարևորել է  Հայաստանում և Ավստրիայում միմյանց մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով ավստրիացի պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։

«Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունն՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորինս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում