Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել՝ ինքն է իրեն պայթեցրել. Բաքվից Երեւան տեղափոխված սպայի մարմինը խոշտանգված չի եղել. ՀԺ
Երեկ հատուկ չվերթով Բաքվից Երեւան բերված զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանի մարմինը խոշտանգված չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ռոման Սահակյանը:
«Փորձաքննությանը ներկա եմ եղել, իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետեւանք է»,- մասնավորապես ասաց Ռոմանը՝ հավելելով, որ Տարոնը զոհվել է Սիսիան-Ջերմուկ հատվածում:
Ռոմանի կարծիքով՝ եղբորը տարել են Բաքու փոխանակման նպատակով. «Սպա էր, երևի տարել են՝ փոխանակման նպատակով, կամ էլ, որ իր հետ մասին պայթեցրել է ադրբեջանցի զինվորների, նրանց մարմինների հետ են տարել, հստակ չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե Տարոնը ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, սակայն բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել: Ըստ զոհվածի եղբոր՝ տարածվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս հերքել է մամուլում և սոցցանցերում շրջանառվող վերոնշյալ տեղեկությունները: «Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ