Այսօր հայրաքաղաքի բնակիչների, աշխարհով մեկ սփռված գյումրեցիների սիրտն ու միտքը ծննդավայր քաղաքի հետ է. Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրու օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Քաղաքապետի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ գյումրեցիներ.
Այսօր հայրաքաղաքի բնակիչների, աշխարհով մեկ սփռված գյումրեցիների սիրտն ու միտքը ծննդավայր քաղաքի հետ է․ Գյումրին նշում է իր օրը։
Մոլորակի ամենահյուրընկալ քաղաքի համար, իհարկե, տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն անսովոր է, բայց համավարակն ու մեր երկրին պատուհասած դժվարությունները մեզ թելադրում են զուսպ օրակարգ։
Պատեհ առիթ է ևս մեկ անգամ մեր խոնարհումը բերել մարտի դաշտում ընկած բոլոր հայորդիների հիշատակին և որերորդ անգամ փաստել, որ հավերժ պարտական ենք նրանց՝ մեր գոյության համար: Լիահույս եմ, որ մոտ ապագայում տուն կդառնան գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր որդիները:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս եւ առաջին հերթին մաղթում ամուր կամք՝ մարտահրավերներով լեցուն այս ժամանակաշրջանի դժվարությունները պատվով հաղթահարելու համար։
Ամեն տարի այս տոնական օրվա առիթով մենք հպարտորեն փաստում ենք՝ Գյումրին կառուցվող քաղաք է․ լայն թափով մեկնարկած շինարարությունը քաղաքը դարձրել է մեծ շինհրապարակ։
Օր-օրի կառուցվող ու շենացող քաղաքը շարունակում է մնալ Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են այդ տիտղոսը պահպանելուն, էլ ավելի նորոգ ու բարեկարգ քաղաք ունենալուն։
Մշակութային, սպորտային մայրաքաղաքի տիտղոսը շարունակում է մնալ մերը․ վկան այս տարվա Օլիմպիական խաղերում մեր մարզիկների տպավորիչ հաղթանակները եւ մշակութային իրադարձությունների առատությունը։
Մեր ունեցածը պահելու և այն առավել զարգացնելու համար պետք է մեզանից յուրաքանչյուրի հոգատարությունն ու սրտացավությունը։ Եկեք կողք կողքի կանգնենք, տանտիրոջ հոգատարությամբ, միասին արարենք ու շենացնենք մեր քաղաքը, խնամենք ու պահպանենք մեր սիրելի քաղաքի ամեն մի քարը։
Սիրելի՛ գյումրեցիներ. մենք շարունակելու ենք միասի՛ն շենացնել ու զարգացնել Գյումրին, մենք շարունակելու ենք ձեռք-ձեռքի տված բարեկարգել, նորոգել, մաքրել ու խնամել մեր սիրելի՛ քաղաքը, մենք շարունակելու ենք ստեղծել ու ստեղծագործել այս քաղաքում, կյանքի կոչել ապագայի տասնյակ ծրագրեր ու Գյումրու զարգացման ճանապարհն անցնել միասին։
Սիրելի գյումրեցիներ, ընդունեք իմ ջերմագին մաղթանքները Գյումրու օրվա առիթով։ Թող խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը եւ թող սերն ու ներդաշնակությունը ուղեկից լինեն բոլորիս.
Շնորհավոր տոնդ, իմ սիրուն Գյումրի»:
Կարծիքներ