ՄԱԿ-ում կարծում են, որ ավելի քան 32 մլն մարդ կարող է պանդեմիայի պատճառով հայտնվել ծայրաստիճան աղքատության մեջ
ՄԱԿ-ում կարծում են, որ ավելի քան 32 մլն մարդ կարող է պանդեմիայի պատճառով հայտնվել ծայրաստիճան աղքատության մեջ: Այս մասին ասվում է Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է պետությունների տնտեսական զարգացման հեռանկարների լրջագույն վատթարացման, սակայն քիչ զարգացած երկրների տնտեսությանը հասված հարվածն ավելի ուժեղ կլինի: Պանդեմիան կհանգեցնի 3 տոկոսային կետով՝ 32,2%-ից մինչեւ 35,2%, մարդկանց թվի ավելացման, ովքեր օրական ծախսում են 1,9 դոլար: Դա նշանակում է, որ ավելի քան 32 մլն մարդ կապրի ծայրաստիճան աղքատության մեջ քիչ զարգացած պետություններում»,-ասվում է զեկույցում:
Նշվում է, որ ամենաուժեղ տնտեսական վնասը կհասցվի աֆրիկական երկրներին եւ փոքր կղզային պետություններին:
Ավելի վաղ կանխատեսվել է, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունում անկումը կկազմի մոտ 4,3 տոկոս՝ անցած տարվա համեմատ:
Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 63,9 մլն մարդ, մահացել է գրեթե 1,5 մլն մարդ:
Կարծիքներ