Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և «Փարիզի թանգարաններ» հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն:
Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում:
«Փարիզի թանգարաններ» հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը: Հայաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի թանգարանային ոլորտի ներկայացուցիչները երկու օր անցկացրել են Գյումրիում և Ջաջուռում, հանդիպել են նաև Մինաս Ավետիսյանի որդիների հետ՝ քննարկելու ծրագրի կենսունակությունը և իրագործման տեսլականը։
Ալֆրեդ Քոչարյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությունը` ընդգծելով, որ նորաստեղծ կառույցը մշակութային ծրագրերի իրագործման կազմակերպական աշխատանքներ է իրականացնում:
Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամի նպատակներից է նաև օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:
Ջաջուռում Մինաս Ավետիսյանի նոր ցուցասրահի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամից և Հայաստանի ազգային պատկերասրահից ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը:
Կարծիքներ