«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը
Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա հայկական կողմը պետք է կասեցնի Ռուսաստան կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը՝ մինչև արձանագրված խնդիրների կարգավորումը։ Բացառություն են կազմում միայն երկու ընկերություններ, որոնք հաջողությամբ անցել են ստուգումը։
Նշվում է, որ ռուսական ծառայության մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանում գործող ձկնաբուծական և ձկնավերամշակման ձեռնարկություններում, ինչպես նաև իշխանի բուծմամբ զբաղվող ֆերմաներում։
Ըստ «Ռոսսելխոզնադզորի»՝ ստուգումների արդյունքները եղել են անբավարար։ Ավելին, ընկերությունների մոտ կեսը հրաժարվել է մասնակցել ստուգմանը։
«Ստուգումն անցած երկու ձեռնարկությունների արտադրանքը կկարողանա ներմուծվել Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր վերահսկողության պայմանով», — նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Ռուսաստան մատակարարվող որոշ ապրանքներ կարող են հայկական ծագում չունենալ։
«Հայկական լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգական կարմրախայտին», — ասել էր նա։


Կարծիքներ