ԱԻՆ-ը նոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ կունենա
Հրշեջ գույքի բարելավման նպատակով մշակվել է հանրային ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է ԱԻՆ փրկարար ծառայության hրշեջ-փրկարարական ստորաբաժանումների հաշվեկշռում առկա և հնամաշ հրշեջ փրկարարական ավտոմեքենաները փոխարինել նորերով:
Այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«15 հրշեջ-փրկարարական ջոկատների համար նախատեսվում է ներդնել 49 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա, ընդհանուր առմամբ 3.7 միլիարդ դրամ արժեքով: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է»,- նշեց Փամբուխչյանը:
Նախարարի խոսքով՝ 2021 թվականին Սյունիքի մարզի Շիկահող, Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում ստեղծել են կամավորական ջոկատներ:
«Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ծրագրի շրջանակում, ինչպես նաև ավստրիական և հայկական Կարմիր խաչի ընկերությունների մասնագետների հետ համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում ստորագրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության, Կոտայքի և Լոռու մարզերի և Կարմիր խաչի միջև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին փոխըմբռնման հուշագիր:
Սա շատ կարևոր է, որովհետև մենք նպատակ ունենք ստեղծելու կամավորական ջոկատներ, որոնք խնդրահարույց վայրերում, անտառային վայրերում, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, անհրաժեշտության դեպքում կկարողանան կազմակերպել բնակչության պաշտպանությունը և աղետի կանխարգելումը»,- ընդգծեց Փամբուխչյանը:
Կարծիքներ