Շվեդիայի ԱԳ նախարարը շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը․ Արին Կարապետ

Շվեդիայի ԱԳ նախարարը շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը․ Արին Կարապետ

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիային և ողջ աշխարհին կոչ է անում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին Կարապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայրերը, որդիներն ու եղբայրները հիմա պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց մտերիմներին և այդ հրաժեշտը կարող է նրանց կյանքում վերջինը լինել: Այդպիսին է իրականությունը, որով իմ հարազատներն առավոտյան արթնացել են Հայաստանում` Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական հարձակումից հետո, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Մինչև ե՞րբ են երեխաները կորցնելու հայրերին, որքա՞ն մայրեր, քույրեր և կանայք են սգավոր դառնալու: Պատերազմը միայն վիշտ է բերում, տառապանք, ավերածություններ և մարդկային կորուստներ»,- գրել է Կարապետը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ ագրեսիան և պատերազմի հրահրումը, որին հիմա մենք ականատես ենք լինում, հղի են աղետալի հետևանքներով:

«Հակամարտությունը վառոդի տակառ է, որը սպառնում է հարևան երկրներին ներգրավել տարածաշրջանային մեծ պատերազմում: Այդ պատճառով Շվեդիան և ողջ աշխարհը պետք է դատապարտեն Ադրբեջանի հարձակումը, կողմերին կոչ անեն հանդարտվել և գործել հանուն խաղաղության: Հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը, Շվեդիան կարող է անել այնպես, որ երկրները դուրս գան պատերազմի ճանապարհից և նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը: Դրանից հետո պետք է հարձակումն ու բռնությունը դատապարտվեն և սկսվի երկխոսությունը»,- նշել է պատգամավորը:

Արին Կարապետը հավելել է, որ իրավիճակը լուրջ է և չի կարելի ժամանակ կորցնել, պետք է գործել հիմա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում