Դանիել Դանիելյանը հանդիպել է «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սաների հետ

Դանիել Դանիելյանը հանդիպել է «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցների հետ այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ: Սաներին ուղեկցել է փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը:

Առանձնահատուկ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաները նախարարի տեղակալի և փառատոնի ղեկավարի հետ շրջել են կառույցի տարածքում, ծանոթացել համերգասրահի պատմությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործիքներին, դրանց հնչողությանը:

Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակից-երեխաների հետ զրուցել է նրանց ստեղծագործական հետաքրքրությունների, նախասիրությունների, մշակութային կրթության, փառատոնին մասնակցության կարևորության և հետագա անելիքների մասին:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ նախարարության պետական քաղաքականության առանցքում է մշակույթի ոլորտում ներառականության խթանումը. «Ընթացիկ ծրագրերում կարևորվում է ներառականության բաղադրիչի առկայությունը, որի ուղղությամբ իրականացվում են բազաթիվ նպատակային ծրագրեր, փառատոներ, որոնցից է նաև «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը»:

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մշակույթի ոլորտում ներառականության խթանման, առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ուշադրության և աջակցության համար:

Հանդիպումից հետո Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցների հետ ներկա է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում իրականացվող դասական համերգին:

Նշենք, որ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը: Մեկ հարթակում՝ մեկ գաղափարի շուրջ, համախմբել առանձնահատուկ կարողություններ ունեցեղ ստեղծագործող երեխաներին և դեռահասներին՝ նպաստելու և աջակցելու նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում